Թառի PR-ով զբաղվող երաժիշտ
Միքայելը 17 տարի է թառ է նվագում: Նա 100-ից ավելի ստեղծագործության հեղինակ է, իսկ ստեղծագործությունների հիմքում թառն է` հայկական ժողովրդական գործիք, որն ադրբեջանցիներն ամբողջ աշխարհով հայտարարում են իրենցը:
Միքայելին զայրացնում է այս փաստը. նա ճանապարհներ է փնտրում թառի համբավը մեծացնելու, թառով հետաքրքրվողների, սիրողների թիվը հայերի մեջ շատացնելու համար:
«Հայաստանում ընդհամենը մի թառ սարքող վարպետ է մնացել՝ վարպետ Ալբետը, եւ աշակերտներ էլ չունի»,-մտահոգվում է Միքայելը, ում ձեռքերում թառը դառնում է հմայիչ, նորաոճ ժողովրդական գործիք, որից անհավատալի մեղեդային երաժշտություն է հորդում:
Միքայելը բացատրում է, որ թառի կոթը պատրաստվում է ըկույզի փայտից.«Իսկ գործիքը պատվում է տավարի սրտի փառով, շատերն են ապշում, երբ լսում են, բայց էդպես է» :
Թառի սիրահարը ճանապարհներ է փնտրում իր նախընտրած գործիքի մասին վավերագրական ֆիլմ նկարելու համար.«Երեւի կդիմեմ Մշակույթի նախարարությանը, վստահ եմ իրենց էլ պիտի հուզի ազգային գործիքի ճակատագիրը» :
Միքայելը ստեղծել է իր խումբը 2011թվի դեկտեմբերից՝ Միքայել Ոսկանյան and friends: Նրանք հանդես են գալիս համերգներով տարբեր ակումբներում, իսկ CD թողարկելու համար դեռեւս ֆինանս չունեն:
Comments:






