Ինտերակտիվ հոդված՝ ինտերակտիվ ֆիլմի մասին
(այս բլոգային գրառումները պատրաստվել են իրարից անկախ, դրանք իրար հետ պայմանավորված չեն, իրար վրա ազդեցություն չեն ունեցել, ինչի արդյունքում ապահովվել է ներկայացվող նյութի ինտերակտիվությունը)
ԱԼԱ
Երեկ դիտեցի «Ալա Բալա Նիցա» հումորային ֆիլմը: Տպավորություններս մեղմ ասած դրական են: Լինելով «կարգին տղերքի» երկրպագուն` վաղուց էի սպասում ֆիլմին: Բնականաբար, Ձեզ չեմ պատրաստվում պատմել այն, քանի որ կարծում եմ «լավ է մեկ անգամ տեսնել» և ինչու միայն մեկ անգամ` ֆիլմը հենց այնպես է նկարահանված, որ մարդիկ հետաքրքրված լինեն մի քանի անգամ դիտել այն` ամեն անգամ տարբեր ձևով (ի դեպ, հենց իրենց ցանկությամբ փոխելով ֆիլմի սցենարը): Տղաների քամահրական վերաբերմունքը «քաբաբային» հումորին այստեղ էլ է արտացոլվել:
Սկզբում տեսնելով հովանավորների քանակը՝ սպասում էի նյարդայացնող թվով product placement-ներ, սակայն ֆիլմի ընթացքում զգացի, որ այն այնքան ճիշտ է իրականացված, որ ընդհանրապես չի խանգարում` թողնելով հանգիստ դիտողների առանց այն էլ գովազդներով ծանրաբեռնված ուղեղները, սակայն ուշադրություն և վստահություն թողնելով յուրաքանչյուրի մոտ: Ինձ համար ես այս ֆիլմում գտա ամեն ինչ` և՛ որակյալ հումոր, և՛ հետաքրքիր ու հուզիչ պատմություն, և՛ նորարարություն:
P.S.
Խորին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ նաև ֆիլմի երաժշտության համար Արտո Թոնբոյաջյանին, այն որքան հնարավոր է լավ և ճիշտ է համադրվում ֆիլմի հետ` իր անկեղծությամբ և ֆոլոկլորային յուրահատուկ մոտեցումով: Այսքանը: «կարգին» հարգանքով` Արմինե Քեշիշյան:
ԲԱԼԱ
Բարև Ձեզ, դուք գտնվում եք հոդվածի տիրույթում: Կարող եք այն կարդալ ուշադիր, կամ տողեր բաց թողնելով, կամ առհասարակ չկարդալ, միգուցե կարողանաք նաև այն շարունակել, կամ ավարտել: Չմտածեք, որ հոդվածի նման ձևն այն գրողի ծուլության հետևանք է, այն ավելի շուտ նման կառուցվածք ունի թեմայից ելնելով:
Վառ ու ընդգծված գովազդային տեքստեր` «Աննախադեպ առաջարկ», «Շտապեք», «Ձեռք բերեք հիմա և չեք փոշմանի», որոնք ֆիլմում հնչում էին քիչ սատիրիկ երանգավորումներով: Սա մի կողմից ստիպում է վերհիշել ֆիլմի վրա աշխատող անձնակազմի գործնական անցյալը, որն ավելի հաճախ առնչվում է գովադզային գործունեության հետ, իսկ մյուս կողմից հղում է մեր ապրանքայնացված մտածելակերպին և փորձում նուրբ, երբեմն «կծող» երևանյան սատիրայով մեզ «բզել» և վերանայել այն ամենն, ինչ անում և մտածում ենք: Ֆիլմը հետաքրքիր է իր կոմերցիոն ու ավելի գլոբալ՝ հասարակական նպատակների համադրմամբ... Մի կողմից վիզուալ առումով չծանրաբեռնող product placement-ները, իսկ մյուս կողմից Մկրտիչ Արզումանյանի պարզ, բարի գյուղական ֆիլմային կերպարը, ով քեզ ասում է, որ դու ունես ընտրության հնարավորություն, ու քո մեկ ընտրությունից կարող է փոխվել ոչ միայն քո, այլև դիմացինիդ կյանքի ընթացքը (ինչն ընդգծվում է նույնիսկ ֆիլմի ինտերակտիվ ձևաչափի միջոցով): Վերջապես գլոբալ ու անձնական նպատակների, ուղերձների հաջող համատեղում:
ՆԻՑԱ
Ինչ խոսք, ինտերակտիվ ֆիլմը, ինչպես գրեթե ցանկացած ինտերակտիվ բան այսօր խիստ պահանջված է արտասահմանում: Հայաստանում ինտերակտիվ ֆիլմի առաջին «բեմելն» իսկապես որոշակիորեն նախանշում է մեդիա ոլորտի առաջիկա տարիներին սպասվող գլոբալ փոփոխությունները մեր փոքրիկ երկրում: Իսկ ի՞նչէ ինտերակտիվ մեդիան: Դա անգնահատելի հնարավորություն է քեզ ամենահարմար ժամանակ սիրելի ու բաց թողնված հաղորդումը դիտել հենց հեռուստացույցով, ոչ թե ինտերնետով: Հնարավորություն է, անմիջապես ստանալ սոցիոլոգիական կամ շուկայի հետազոտության տվյալները՝ արդեն գրեթե վերլուծված վիճակում: Ֆանտաստիկ տպավորություն է այն ֆիլմ դիտողների մոտ, ովքեր հենց այդ պահին կարող են փոխել գործողությունների ընթացքը՝ դրանց անմիջական մասնակից դառնալով: Անձամբ ինձ համար այս ֆիլմը (նույնիսկ այն դիտած չլինելու պարագայում) կոնկրետ ուղերձ է ապագայից, հստակ գործողությունների պլան է մարքեթինգի և գովազդի առումով: Ահա այսպիսին պիտի լինի ապագայի մեդիան՝ մեզ՝ բոլորիս հնարավորություն տալով ընտրել այնքան քիչ ժամանակը, ավելի ճիշտ՝ այդքան քիչ ու թանկարժեք ժամանակը լավագույն ծրագրել, որ ամեն ինչ հասցնես, նույնիսկ ինտերակտիվ ֆիլմ դիտես: Այս բլոգային գրառումներով մենք՝ EMPORIUM թիմը, նպատակ չի հետապնդում գովազդել ֆիլմը: Մենք պարզապես տեսնում ենք ֆիլմին հաջորդող փոփոխությունները մեր իրականությունում և մեր պարտքն ենք համարում այդ մասին կիսվել մարքեթինգի և գովազդի ոլորտի մեր սիրելի գործընկերների հետ:
Ինտերակտիվ Մեկնաբանություն
- Ես տեսել եմ, որ Հայկոն ընկնում մեքենայի տակ: Հն դու ո՞ր տարբերակն ես տեսել: _ Ես էլ տեսել եմ, որ Մկոն է ընկել մեքենայի տակ: Իսկ որ Հայկոն ընկավ մեքենայի տակ ի՞նչ եղավ:
- Եղավ 2 սիրտ և 4 երիկամ, ավելի ճիշտ 4 պոչկա: Իսկ թե ինչ է նշանակում 2 սիրտ և 4 պոչկա, կիմանաք, եթե դիտեք, ավելի ճիշտ, եթե ձեր բախտը բերի և դահլիճում հնչող հեռախոսազանգին պատասխանողը ընտրի, որ Հայկոն ընկնի մեքենայի տակ:
Իսկ ես պատմեմ իմ տեսած ֆիլմի մաիսն և կիսվեմ իմ տպավորություններով:
Հայկո` Սևակ, համարյա Պարույր Սևակ, կարագին խառնում է մարգարին և այդ ստացված գումարով գնել է “գոլդ” համարներ: Իր բիզնեսում չի օգտագործում որակայալ ապրանքներ: Մահանալու է էլիտար հիվանդասենյակում: Մկո` Ցոլակ Կարպիչ, չի սիրում կովի պոչին բանտ կապած “գեղցիություններ”, հարգված է շների կողմից /բառիս բուն իմաստով շների/: Մահանալու է ոչ էլիտար հիվանդասենյակում:
Սևակը իր մեջ ընդգրկում է էլիտար խավի հավաքական կերպարը, ում մահը իրականում հուզում է շատ քիչ լավ տղերքի: Սևակին, ըստ իրեն, ճանաչում է և հարգում է ամբողջ քաղաքը, բայց հիվանդանոցի մոտ չգիտես ինչու կանգնած են քաղաքի լավ տղերքից ոչ բոլորը: Երևի Սևակին պետք էր մի անգամ մահանալ, որ տեսներ, թե ովքեր էին իրական իր կողքի սրտացավ մարդիկ: Սևակին սատանան այդ հնարավորությունը տվեց, իսկ մնացածին տեսնես ով է տալո՞ւ: Բայց դա արդեն այս ֆիլմի մասին չէ երևի:
Ցոլակ Կարպիչը գյուղացու բարի հավաքան կերպար է: Նրա միամիտ մտքերում, կա հավատ դեպի մարդ արարածը: Ի տարբերություն Սևակի, Ցոլակ Կարպիչը հավատում է, որ եթե ասի ճշմարտությունը, մարդիկ կհավատան, որովհետև նրանք բարի են: Իսկ թե մարդիկ բարի են թե ոչ, ֆիլմի ընթացքում բացահայտում է հենց էլիտար պալատում մահացող Սևակը: Ֆիլմում հաճախ հանդիպում ես այն ամենին, ինչը շրջապատում է մեզ և տեղի է ունենում մեր աչքի առաջ, այդ պատճառով էլ ֆիլմի հումորը և կատարվող իրադարձությունները մեզ հարազատ է ու ճանաչելի: Անգամ ճանաչելի է Ցոլակ Կարպիչի ֆիլմի վերջում կոստյում հագնելը:
Բայց ասեմ Ձեզ Ցոլակ Կարպիչ, ինձ ձեր կրիաներով վերնաշապիկը ավելի էր դուր գալիս, այն ձերն էր ու համահունչ էր Ցոլակ Կարպիչի կերպարին:
Ֆիլմը լի էր հետաքրքիր ու էլի ճանաչելի կերպարներով: Պարույր Սևակի պոեզիային սիրահարվածներով, Մայքլ Ջեկսոնի դժողք գնալու մեկնաբանությամբ, կին “խիրուրգով”, պարսիկ հյուրերով և մի շաք գովազդով:
Եթե դուք իմ գրածից ոչինչ չհասկացաք, ուրեմն կրկին գնացեք ֆիլմը դիտելու, եթե ձեր բախտը բերի, դուք կտեսնենք իմ տեսած տարբերակը:
Comments:







