
Երգեր 25 տարիների խորությունից
-Դուք Հայաստան եկաք այն ժամանակ, երբ ծանր տարիներ էին և շատերն հեռանում էին; Չվախեցա՞ք դժվարություններից:
- Ես Հայաստան վերադարձա 1987-ի հոկտեմբերին, իսկ արդեն 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը, մութ ու ցուրտ տարիները: Սակայն ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, քանի որ մեր ազգային զարթոնքի ու ազատագրական պայքարի ականատեսն ու մասնակիցն եմ եղել: Կաշվիս վրա զգացել եմ այն դառնությունները, որ մենք բոլորս ենք զգացել պատերազմյան և հետպատերազմյան տարիներին: Արցախյան շարժմանը անմասն չմնաց նաև Կոնսերվատորիայի «ուսանողական ակտիվը», որի կազմում Էի նաև ես: Մասնակցում էինք նստացույցերին, գնում էինք պատերազմական գոտիներ՝ մեր հայրենասիրական, ոգեկոչող երգով բարձր պահելու մեր ժողովրդի մարտական ոգին: Այդ տարիներին նույնիսկ արձակուրդներին չէի գնում երկրից, իսկ եթե գնում էլ էի` այնտեղից այստեղ ինչ-որ պետքական բաներ բերելու համար, նույնիսկ հաց: Այդ տարիներին ապրում էինք անկախ Հայաստանի և ազատագրված Արցախի տեսլականով, որի ընթացքում իմ շուրթերից ամենաշատը հնչում էր հատկապես «Նպատակիս հասնիմ միայն, թող զիս հանեն կախաղան» երգը: Ես, որպես հայ մարդ, որպես արվեստագետ, ձևավորվել եմ այս իրադարձությունների շնորհիվ:
-Հայաստանում առաջին անգամ, երբ բեմ բարձրացաք, ի՞նչ զգացում էր Ձեզ համակել:
- Բնականաբար մինչ Հայաստանում բեմ բարձրանալս, Սիրիայում արդեն մեծ փորձ ունեի, ինչպես նաև ճանաչում, սակայն Հայաստանում ելույթ ունենալը պատասխանատվությունս և հուզմունքս կրկնապատկում էր: Առաջին անգամ Հայաստանում բեմ բարձրացա Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում պրոֆեսիոնալ երաժիշտների նվագակցությամբ, որն անչափ հուզիչ էր: Հուզմունքն այնքան շատ էր, որ կարծում եմ կատարողականիս վրա ազդում էր: Բայց ես միշտ աշխատել եմ ցույց չտալ, սակայն, եթե առաջ դա ինձ այնքան էլ չէր հաջողվում, ապա այսօր արդեն հաջողվում է: Տարիների փորձը երգչի մեջ պիտի կարողանա ձևավորել բեմական վարպետություն, որի շնորհիվ նա կկարողանա տիրապետել իր հուզմունքին, որպեսզի մարդիկ դա չզգան: Պրոֆեսիոնալը բեմում իրեն այնպես պիտի դրսևորի, որ բեմում իշխի միայն ինքը և միայն երգին հատուկ էմոցիաները: Սա է անհրաժեշտ հանդիսատեսի հետ անկեղծ ու անկաշկանդ հաղորդակցման համար:
-Երբ ասպարեզ եկաք, ժողովրդական, ազգային երգերը ստվերում էին: Ի՞նչպես հաջողվեց այս ժանրով առաջ գնալն ու ճանաչում ձեռք բերելը:
-Մենք Խորհրդային Միությունից ստացած ազգային, ժողովրդական երգերի մեծ ժառանգություն ունենք: Որոնք, ի շնորհիվ Հովհաննես Բադալյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Հայրիկ Մուրադյանի, «Մարաթուկ»-ի և այլ նվիրյալների, փոխանցվեց մեզ: Սակայն անկախությունից հետո մղվեցին ետին պլան` Հայաստանում սկսվել էր այսպես ասած «գողությունը». թուրքական, արաբական երգերի երաժշտությանը հարմարեցված, աղավաղված հայերենով բառեր էին գրում ու երգում: Իսկ ես, իմ պարտքը համարելով այդ երգերի վերապրեցումն ու տարածումը, երգում էի մեր ազգային երգերը: Իմ կյանքը այդ տարիներին նման էր մի ձկան, որը լողում էր ալիքներին հակառակ: Եվ 1996 թվականին այդ նպատակով սկսեցի ձայնագրել ու թողարկել իմ «Մրրո» ձայնասկավառակը: Իսկ 1999 թվականին նկարահանվեց իմ առաջին տեսահոլովակը Շատախի շրջանի «Սանդի» («Խիո-խանե») երգի հիման վրա: Ես չենթարկվեցի մոդայիկ երևույթներին, շարունակեցի ծառայել մեր հայ երգին` 2001 թվականին նկարահանելով իմ երկրորդ տեսահոլովակը Գուսան Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր» երգի հիման վրա, որը կրկին շատերին զարմացրեց, քանի որ քնարական, աշուղական երգն այդ ժամանակվա ռիթմիկ, «մոդայիկ» երգերի ֆոնի վրա տարօրինակ էր: Սակայն իմ համառությամբ կամաց-կամաց հասա նրան, որ մարդիկ սկսեցին ինձ ճանաչել:
-Կարելի՞ է ասել, որ տեսահոլովակը երգչին ճանաչել տալու լավագույն գովազդն է:
-Որոշ չափով այո, որովհետև ամեն տեղ չէ, որ կարող ես հասնել ու երգդ լսելի դարձնել: Օրինակ իմ վերը նշված «Հով գիշեր, զով գիշեր» երգի տեսահոլովակի շնորհիվ երրորդ տեսահոլովակս նկարահանելու հնարավորություն ունեցա: ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցը՝ Հակոբ Իշխանյանը, հավանելով թե երգը, թե տեսահոլովահը, զանգեց ու իր գոհունակությունը հայտնեց, ասելով, որ պատրաստ է ֆինանսավորելու որևէ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու համար: Եվ այսպես 2003-ին նկարեցինք աշուղ հավասու «Յարը մարդու յարա կուտա» երգի տեսահոլովակը, որը բեկումնային եղավ ինձ համար և մեծ ճանաչում բերեց:
-Ազգային, ժողովրդական երգով առաջ գնալը շատ բարդ է, այսօր այդ ուղիով ոչ միայն Դուք եք առաջ գնում, այլև Ձեզ հետ տանում եք Ձեր սաներից կազմված «Հայ երգասաններ» խումբը: Դժվար չէ՞:
-Դժվարությունները մեծ են: Տարբերություն չկա ինձ համար եմ կռիվ տալիս, թե իմ խմբի որևէ անդամի, որովհետև ես ուզում եմ, որ այս երգերը համատարած դառնան մեր հասարակության մեջ: Դժվարությունը նրանում է, որ օտարամոլ երևույթները շատ են, հատկապես երգարվեստում: Օրինակ, եթե աղջիկն իմ խմբում ազգային երգեր է երգում, շատ դժվարությամբ է ճանաչում ունենում: Այնինչ, իրեն հակառակ, մի աղջիկ, որը տեսահոլովակով իր բարեմասնություններն է ցուցադրում, բոլորը միանգամից սկսում են նրա մասին գրել, նրան ցուցադրել: Իսկ մամուլը, հեռուստատեսությունը նույնիսկ չեն էլ խորանում, որ ինչ-որ տեղ մի աղջիկ օրորոցայիններ է երգում, մեր հեյրուրները, այն երգերը, որոնք մեր երեխաներին հայեցի դաստիարակելու գործում մեծ դեր կարող են խաղալ:
-Արդեն 25 տարի է, ինչ բեմում եք: Ի՞նչ եք զգում, ի՞նչ են տվել այս տարիները Ձեզ:
-Շատ բան, ամենակարևորն այն է, որ ինձ 25 տարեկան եմ զգում, 25 տարիներ` լեցուն կյանքով, ստեղծագործական ուղիով, պայքարով: Կարծես այդ 25 տարիներն ինձ համար նախապատրաստական լինեին, որպեսզի այսօր կարողանամ ավելի շատ ու մեծ գործեր անել, ծառայել ժողովրդին և ազգային երգին:
Կան երգեր, որոնք այս տարիների ընթացքում երգել եմ մի քանի հազար անգամներ, բայց ամեն անգամ նրանք հնչել են տարբեր, իսկ այսօր հնչում են 25 տարիների խորությունից:
-Գիտեմ, որ ստեղծել եք նաև «ՄՐՐՈ» նվագախումբ: Մի փոքր պատմեք այդ մասին:
-2011 թվականին հիմնեցի «ՄՐՐՈ» նվագախումբը, որտեղ ոչ միայն ժողովրդական նվագարաններ են, այլև հարվածային, կիթառ, ֆլեյտա, դաշնամուր և այլն: Մեր ազգային երգերը, չհեռանացնալով բուն էությունից, փորձում եմ մատուցել ժամանակակից գործիքավորմամբ: Արդեն իմ նվագախմբի հետ մենահամերգներ ենք ունեցել Եգիպտոսում և Շվեդիայում:
Կարծում եմ այս տարի մեծ մենահամերգ տեղի կունենա նաև Հայաստանում, քանի որ այս տարի լրանում է իմ` Հայաստան վերադառնալու և բեմական գործունեության 25 տարին:
- Շուտով պատրաստ կլինի «MRRO.am» Ձեր պաշտոնական էջը: Ի՞նչ նշանակություն ունի այն երգչի համար:
-Այսօր արդեն սկսել ենք ինչ-որ չափով համացանցային կյանքով ապրել, հետևաբար պաշտոնական էջի առկայությունը երգչի համար դառնում է կարևոր: Այս ձևով տեղեկատվությունը ավելի արագ է մատուցվում: Համացանցը հնարավորություն է տալիս արտիստին իր գործունեությունը լիարժեք և արագ ներկայացնելու հանրությանը:
Գայանե Ասլանյան
Comments:






