Սարդարապատ հուշահամալիրում երեկ` հուլիսի 11-ին, տեղի ունեցավ Տոլմայի փառատոն:
Կազմակերպիչները բոլորին հրավիրել էին տոլմա համտեսելու, նույնիսկ Երեւանից անվճար ավտոբուսը տեղափոխում էր ցանկացողներին: Ամեն ինչ հոյակապ էր թվում, մինչ տեղ հասնելը: Ըստ պաշտոնական տվյալների ՀՀ աղքատությունը կազմում է բնակչության 37 %-ը, եւ հենց այս երկրում կազմակերպվում է նման փառատոն: Այն մարդիկ, ովքեր լավ հագնված էին եւ իրենց անձնական մեքենայով էին եկել փառատոն «քչից-շատից» համտեսեցին տոլմա, իսկ իրոք քաղցած մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն միս գնելու եւ տոլմա պատրաստելու, մարդիկ ովքեր մի քիչ փնթի, մի քիչ աղքատիկ էին հագնված արժանացան կոպիտ վերաբերմունքի տաղավարների տերերի կողմից: Ես տեսա թե ինչպես էր մի 60-ամյա կին խնդրում-աղերսում մի հատիկ տոլմա բարձր, սպիտակ, խոհարարական գլխարկ դրած տղամարդուց եւ սա էլ կոպիտ. «Ժյուրիի համար ա`ռադդ քաշի»: Բազմաթիվ մարդիկ կային, ովքեր հնարավորություն ունեին գումար վճարել սնվելու համար, սակայն կազմակերպիչների մտքով չէր անցել, որ կարելի է սոված ամբոխին տոլմայի բույրով չտանջել, այլ լինեին նաեւ վճարովի տաղավարներ: Շատ տհաճ տեսարան էր, թե ինչպես են քաղցած մարդիկ նայում ժյուրիի անդամների ուտելը եւ էլ ավելի տհաճ էր տեսնել, թե ինչպես է ժողովուրդը ժյուրիի սեղանի մնացորդները ագահաբար ուտում: Գեղեցիկ փառատոն է, միայն պետք է ճիշտ ու մտածված կազմակերպվել:
Լուսանկարները եւ տեքստը՝ Արփի Մաղաքյանի
Comments:






